Overview
ՀՀ կառավարության 2020թ-ի դեկտեմբերի 3-ի նիստում չզեկուցվող ընթացակարգով ընդունված N1942-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին», «Կրթության մասին» և մի շարք այլ ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և, համարելով անհետաձգելի, դրանք սահմանված կարգով ներկայացվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով։
Այս կապակցությամբ Հայաստանի Ինժեներական ասոցիացիան և ՏՀՏ գործատուների միությունը հայտնում են հետևյալը՝
2020թ-ին, նախ՝ կորոնավիրուսային համավարակի, իսկ այնուհետ նաև մեր երկրին պատուհասած պատերազմական իրողությունների և ցավալի հետևանքների արդյունքում Հայաստանի տնտեսության, և ընդհանուր պետականության առաջ ծառացած նոր մարտահրավերների ու վտանգների պարագայում, նման օրենսդրական փաթեթի (որն, ի դեպ, մշակվել է կորոնավիրուսային համավարակից և պատերազմից առաջ) անհասկանալի հապճեպությամբ ընդունումը ոչ միայն տեղին չէ, այլև լի է բազմաթիվ կարճաժամկետ և երկարաժամկետ վտանգներով։
Հաշվի առնելով, երկրի տնտեսական, սոցիալական, հումանիտար, ռազմական և այլ բնույթի առկա և սպասվող խնդիրների լուծման գործընթացներում գիտության ու կրթության անհերքելի և ուրույն դերակատարությունը, գտնում ենք, որ այս բնագավառի ցանկացած նոր նախաձեռնություն պետք է համապատասխանեցվի օրվա հրամայականների հետ։
Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել շրջանառվող օրենսդրական փաթեթի քննարկումները, մշակել առկա իրողություններին համահունչ նոր ռազմավարություն և, միայն դրանից հետո, անդրադառնալ Գիտության և կրթության բնագավառում օրենսդրական բարեփոխումների իրականացման նախաձեռնություններին։
Ինժեներական ասոցիացիան և ՏՀՏ գործատուների միությունը պատրաստ են իրենց ողջ մասնագիտական ներուժով ներգրավվել նշված ռազմավարական ուղղությունների վեր հանման և հետագա՝ ազգանպաստ և պետականաշինական նպատակներին ուղղված զարգացման ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում։
Ինժեներական ասոցիացիա
ՏՀՏ գործատուների միություն
11-ը դեկտեմբերի 2020թ․